Երևանի Աբովյան փողոցի 11 շենքի բակում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 12 մետրանոց չորացած բարդին արմատախիլ է եղել ու ընկել ավտոտնակներից մեկի վրա: Մարդիկ ու մեքենաներ այդ պահին տարածքում չեն եղել: Վնասվել է միայն ավտոտնակի տանիքը:
«Էս ընկած ծառի կողքը գիշերը միշտ մեքենա է կանգնում, եթե գիշերն ընկներ, մեքենայից բան չէր մնա»,– NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին շենքի բնակիչները:
Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման բաժնի աշխատակիցները բնակիչների օգնությամբ մասնատեցին ծառն ու տեղափոխեցին։ Բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ այս տարի իրենց բակում ծառերի մշակման ու էտման աշխատանքներ են իրականացվել, սակայն չորացած ծառը չեն կտրել:
Նշենք, որ բարդիների կյանքի տևողությունը մինչև 50 տարի է: Խորը արմատներ չունենալու պատճառով դրանք չորանալուց հետո անգամ թեթև քամուց կարող են արմատախիլ լինել ու ընկնել: Շենքի բնակիչների հիշելով` ընկած ծառի տարիքը 50-ից ավելի է: Նրանց այժմ անհանգստացնում է շենքի տարածքում գտնվող մյուս հաստաբուն ու չորացած բարդին:





































