2015թ. եղանակային պայմանների առումով ռեկորդային տարի էր. տարվա ընթացքում գրանցվել են երեք ռեկորդներ՝ ձմեռը դասվել է դարի ամենատաք ձմեռների շարքին, ամառը՝ շոգերի տեւողության առումով դասվել է ամենաշոգ ամառների շարքին, իսկ այս տարվա հոկտեմբերը գրանցվել է օդերեւութաբանության պատմության մեջ երբեւէ դիտված ամենախոնավ հոկտեմբերների շարքին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ տեղումների քանակը հանրապետության զգալի մասում կազմել է ամսական նորմայի կրկնապատիկը եւ եռապատիկը։
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հոկտեմբերին առատ տեղումներ են դիտվել հատկապես Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ 3.5 անգամ գերազանցելով նորման։
Ըստ Սուրենյանի՝ ամենախոնավ հոկտեմբերը Երեւանում գրանցվել է 1986թ.-ին, երբ տեղումների քանակը եղել է 94 մմ, ավելի պակաս, քան այս տարվա հոկտեմբերին գրանցված տեղումների քանակը՝ 115 մմ:
Հոկտեմբեր ամսվա առատ տեղումները, Սուրենյանի խոսքով, դրական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների վրա։




























