Մարքեթինգի հայկական ասոցիացիայի «Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական ծրագրի կողմից իրականացված հարցման մասնակիցների 46.1 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ռազմաքաղաքական օգնություն կարող է ցուցաբերել Ռուսաստանին, 10 տոկոսը՝ Վրաստանին, 7.5 տոկոսը՝ Ֆրանսիային։
Հետազոտական ծրագրի արդյունքներով հարցվածներիի 31.1 տոկոսի կարծիքով, Հայաստանը ոչ մի երկրի չի կարող ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել։
Հարցվածներից 1 տոկոսից ավելին կարծում է, որ միջազգային մակարդակով Հայաստանը ռազմաքաղաքական աջակցություն կարող է ցուցաբերել Ուկրաինային, ԱՄՆ-ին եւ Գերմանիային։
Հայաստանի կողմից հնարավոր ռազմաքաղաքական աջակցության հարցում նվազագույն տոկոս են ստացել Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Միջին Արեւելքի երկրները, Չինաստանը, Ճապոնիան, Թուրքիան, Թուրքմենստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան։ 17.4 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանին հնարավոր ռազմաքաղաքական աջակցություն կարող են ցուցաբերել Ռուսաստանը (82.0 տոկոս), Ֆրանսիան (13.8 տոկոս), ԱՄՆ-ն (9.3 տոկոս), Վրաստանը (8.0 տոկոս), Գերմանիան (2.8 տոկոս), Չինաստանը (2.0 տոկոս):
Հարցվածների 5 տոկոսը կարծում է, որ որեւէ երկիր Հայաստանին հնարավոր ռազմաքաղաքական աջակցություն չի ցուցաբերի։ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Նշենք, որ «Ինտեգրացիոն Բարոմետր» հետազոտական ծրագիրն անցկացվում է արդեն չորրորդ տարին՝ դեմ առ դեմ հարցումների մեթոդով, ըստ սեռի, տարիքի եւ բնակության վայրի։ Հարցմանը մասնակցել է 1105 մարդ:





























