Ադրբեջանի ԱԳՆ տարածած այն հայտարարությունը, թե իբր ղարաբաղյան կողմը հոկտեմբերի 27-ի մշտադիտարկման ժամանակ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ապատեղեկատվության հերթական օրինակն է եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա ճնշում գործադրելու փորձ։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը։

«Ղարաբաղյան կողմը մշտադիտարկման ժամանակ խստորեն պահպանել է հրադադարի ռեժիմը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԼՂՀ ԱԳՆ եւ Պաշտպանության  նախարարությունը։ Ավտոմատ զենքից արձակված կրակոցները հնչել են հենց ադրբեջանական կողմից։

Վստահ ենք, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը, ինչն առաջարկվել է համանախագահների, հաստատվել ԼՂՀ և Հայաստանի, և մերժվել Ադրբեջանի կողմից, Բաքվին կզրկեին նման ապատեղեկատվություն տարածելու  հնարավորությունից»,- ասել է Անի Սարգսյանը։