Բուխարեստում գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտարարել է Ռումինիայի ՆԳ նախարարի տեղակալ Ռաիդ Արաֆաթը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տուժածներից երկուսը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում: Արաֆաթի խոսքով, եւս 25 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է:
Երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի խոսքով էլ, տուժածների թվում կան Իսպանիայի, Իտալիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ:
Հաստատության տերերը հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ հրավառության շոու անցկացնելու թույլտվություն չեն ունեցել: Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Colectiv ակումբում, Goodbye to Gravity խմբի համերգի ժամանակ: Նախնական տվյալներով, պատահարի պատճառ է դարձել ստորգետնյա հաստատությունում կազմակերպված հրավառության շոուն: Տեղի ունեցած պայթյունից հետո հաստատությունում հրդեհ է բռնկվել:





























