Կա մի ծուղակ, որը Սերժ Սարգսյանն ինքն իր համար ստեղծել է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին Գյումրիում «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքում հայտարարել է ազատամարտիկ, «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։
«Կա մի ծուղակ, որը Սերժ Սարգսյանն ինքն իր համար ստեղծել է։ Աղվեսը երկու թաթով է ընկնելու ծուղակը։ Նա տարիներով մոգոնել է, թե ինչպես պիտի վերարտադրվի, բայց իր ծրագիրն իր մահկանացուն է կնքելու»,- նշել է Սեֆիլյանը։
Նրա խոսքով, այս առիթը առաջին հերթին միավորելու է ամբողջ ընդդիմությանը։ «Ես համոզված եմ՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը իսկական ընդդիմադիր ուժերը անպայման համախմբվելու են։ Այդ պահանջը ժողովրի պահանջն է։ Մենք չունենք մի տարի եւս սպասելու, մենք իրավունք չունենք այս առիթը բաց թողելու, այս տարի պետք է լինի այս հանցավոր ռեժիմի վերջը»,- նշել է Սեֆիլյանը եւ հավելել. «Հասկանում ենք՝ մեր ժողովրդի կորցրել է հավատը ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլեւ ամեն ինչի, բայց մենք աշխատելու ենք, վերականգնելու ենք այդ հավատը»։





























