Բրիտանիան 1971 թվականից ի վեր առաջին անգամ սկսել է Մերձավոր Արեւելքում ռազմածովային բազա կառուցել: «Ջաֆեր» բազայի շինարարության մեկնարկի առիթով կազմակերպված արարողությանը մասնակցել է նաեւ ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, 1971 թվականին տարածաշրջանից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո սա կդառնա Մերձավոր Արեւելքում Միացյալ Թագավորության առաջին մշտական ռազմաբազան: Այն թագավորական նավատորմին կօգնի ամրապնդել Պարսից ծոցում կայունությունը:

Բահրեյնը 23 մլն դոլար է տրամադրել բազայի շինարարության համար, իսկ Բրիտանիան կվճարի շահագործման ծախսերի համար:

Բահրեյնը սուր քննադատության է ենթարկվում երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով, սակայն, Հեմոնդի խոսքով Բրիտանիան Պարսից ծոցի երկրներին կօգնի փոխվել: