Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան:
Վարչապետը ներկա է գտնվել նկարիչ, թարգմանիչ Արեւշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին, ինչպես նաեւ Ներսես Ե Աշտարակեցու 245-ամյակին նվիրված ցուցադրությանը: 75-ամյակի, ինչպես նաեւ արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հովիկ Աբրահամյանն Արեւշատ Ավագյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Արվեստագետը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի եւ մշակույթի ոլորտին ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Այնուհետեւ կատարումներով հանդես են եկել Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի եւ «Տերյան մշակութային կենտրոն»-ի սաները:
Պերճ Պռոշյանի տուն թանգարանում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է նաեւ մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի եւ կինոյի գործիչների հետ, ծանոթացել մշակույթի բնագավառում իրականացվող ծրագրերին, լսել մտավորականներին հուզող խնդիրները, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:
Կառավարության ղեկավարն այցելել է նաեւ Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի:


































