«Հովիկ Աբրահամյանը ավերված տնտեսություն է ժառանգություն ստացել,  եւ այն շտկելու համար ժամանակ է պետք»։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն՝ ընդգծելով, որ Հովիկ Աբրահամյանի աշխատաոճն իր համար ավելի ընդունելի է, քան նախկին վարչապետինը։  Սակայն այդ աշխատաոճի  արդյունքում արձանագրած տնտեսական ցուցանիշների ոչ սփոփիչ լինելը, ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները, պայմանավորեց Ռուսաստանի տնտեսական զարգացումներով, դրամի, ռուբլու արժեզրկմամբ։

«Սոցիալական վիճակը, ցավոք շարունակում է մնալ ծանր, բայց եթե մենք հույս էլ չունենանք, էդ դեպքում ինչ պիտի անենք»։ Դիտարկմանը, թե այս կառավարությունն իրեն միայն հույսե՞ր է ներշնչում, պատգամավորը պատասխանեց․ «Ոչ թե հույսեր է ներշնչում, ես կարծում եմ՝ վերջիվերջո աշխատանքը արդյունք է տալու»։

Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ներկայացրած 2016 թվականի բյուջեի վերաբերյալ ասաց, որ դեռ կոնկրետ գնահատական  տալ չի  կարող, քանի որ այսօր այն ներկայացվեց Խորհրդարանում, եւ ինքը չէր հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել ու կողմնորոշվել։ «Պետք է ասեմ, որ մեզ ծանր տարի է սպասվում, բայց էնպես չի, որ անհուսալի վիճակ է, կարծում եմ՝ հեռահար քայլեր են անում, ոչ թե իրավիճակային եւ չեն փորձում ավելի մեծ աճ ներկայացնել, իրական իրավիճակը ներկայացված է բյուջեում եւ ակնկալիք կա, որ 2016 թվականից հետո շատ ավելի բարվոք կլինի վիճակը»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝շեշտելով, որ ուզում է հավատալ՝ այսօրվա կառավարության գործադրած ջանքերը վաղ թե ուշ արդյունք են տալու։

«Տեսնում եմ, որ ամեն դեպքում վարչապետը բավականին ակտիվ աշխատում է։ Ամեն դեպքում իր աշխատաոճն ինձ համար շատ ավելի ընդունելի է»։  Պատգամավորը  արձանագրեց, որ երբեմն ընդդիմություն լինելով՝ օբյեկտիվության շրջանակից շատ են դուրս գալիս, որ ավելի արմատական լինեն, բայց ինքը փորձում է օբյեկտիվ լինել․ «Ես փորձում եմ օբյեկտիվ գնահատել իրավիճակը եւ հնարավորությունները, տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու հնարավորությունները մեծ չէին պայմանավորված Ռուսատանի իրավիճակով։ Ժամանակից շուտ չեմ ուզում հարվածել մի կառավարության, որն ըստ էության փորձում է իրավիճակը շտկել»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության  պատգամավորը։