Քաղաքացիներին շատ չի էլ հետաքրքրում Սահմանդրության փոփոխությունը։ Քաղաքացիներին հետաքրքրում է, որ իրենց կյանքը բարեկեցիկ դառնա։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը՝ հավելելով, որ հանրաքվեի վերաբերյալ ԲՀԿ համակիրների «Այո»-ն ավելի վաղ են ստացել։
Մեր հարցին, թե դժվար չէ՞, այսօր լծվել իշխանության նախաձեռնության քարոզին, երբ ՀՀ քաղաքացիները դժգոհ են այս իշխանություններից, պատգամավորն ասաց․«Ընդհանրապես ինչ իշխանություն էլ լինի, քաղաքացիները դժգոհ են, քաղաքացիներին շատ չի էլ հետաքրքրում Սահմանդրության փոփոխությունը։ Քաղաքացիներին հետաքրքրում է, որ իրենց կյանքը բարեկեցիկ դառնա»։
Հարցին, թե ամիսներ առաջ իրենք էին հայտարարում հրապարակային հարթակներից, թե փոփոխությունները քաղաքացիների բարեկեցությունը չեն ապահովում, չարեփոխումներ են, հիմա ինչպե՞ս են համոզելու, որ դրանք ոչ թե չարեփոխում, այլ բարեփոխում են, Մանուկյանն արձագանքեց․«Ճիշտն ասած, էս Սահմանդրության փոփոխության ամենադրական, կարեւոր միտքը որ կա դրված, այն է, որ կուսակցություններին ձայնի իրավունք է վերապահված, որ ինքնուրույն կայանան եւ կարողանան պայքար տանեն»։
Մանուկյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ժողովրդի հետ է։ Հարցին, թե ինչ են պատասխանելու ժողովրդին, եթե «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հանկարծ իրենց հարցնեն՝ ինչո՞ւ են հիմա իրենք իշխանությունների հետ, պատասխանեց․ «Չէ, մենք հիմնավորումները էնպես կներկայացնենք, որ էլ չի շրջվի»։





























