ԵԽԽՎ պատվիրակության երեք անդամներ, ի հակադրություն պաշտոնական դիրքորոշման, նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները կոչել են ոչ ազատ եւ ոչ ժողովրդավարական:
«Մենք չենք կարող այդ ընտրություններն արդար եւ ժողովրդավարական կոչել»,- ասված է ԵԽԽՎ դիտորդական առաքելության երեք անդամների՝ գերմանացի պատգամավորներ Ֆրանկ Շվաբեի, Ուտե-Ֆինկխ Քրամերի եւ իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարայի առանձին հայտարարությունում:
Turan գործակալության տարածած նրանց համատեղ հայտարարությունում ասված է, որ «չնայած նյութատեխնիկական բազային, այս ընտրությունները քաղաքական, խոսքի եւ մամուլի, հավաքների ազատությամբ չեն ուղեկցվել, այդ պատճառով չեն կարող ժողովրդավարական համարվել»:
Այնուհետեւ նշվում է երկրում մարդու իրավունքների վիճակի, իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների վրա ճնշումների մասին: Հիշատակվում է նաեւ հայտնի իրավապաշտպանների՝ Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Ինտիհամ Ալիեւի, Ռասուլ Ջաֆարովի եւ այլոց անօրինական ձերբակալությունների մասին:
Մինչ այդ, ԵԽԽՎ պատվիրակության պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է. Միլի Մեջլիսի ընտրություններն անցկացվել են երկրի Ընտրական օրենսգրքին համապատասխան:
Նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, իսպանացի խորհրդարանական Յորդի Խուկլան տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրություններին երկրի տարբեր շրջաններում հետեւել է Վեհաժողովի 28 պատգամավոր:
«Առաքելությունը հանգել է ընդհանուր եզրակացության, որ ընտրությունները հանգիստ են անցել: Քվեարկության գործընթացն ընդհանուր առմամբ համապատասխանել է միջազգային չափանիշներին: Մեր դիտորդները որեւէ միջադեպ չեն արձանագրել»,- ասված է առաքելության հայտարարությունում:
Հարցին, նախընտրական արշավի ընթացքում բանավեճերի բացակայությունը որքանո՞վ է համապատասխանում Եվրախորհրդի եւ եվրոպական պետությունների պրակտիկային, Խուկլան պատասխանել է. «Դա, իհարկե, ցնցել էր մեզ: Հեռուստաբանավեճերը ժողովրդավարական գործընթացի կարեւոր մաս են եւ հույս ունենք, որ ապագայում Ադրբեջանում դա կլինի»:





























