Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները մեծ ընտրություն ունեին, միաժամանակ անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, հատկապես՝ երկրի հարավ-արեւելյան շրջաններում, խոչընդոտեցին կուսակցությունների ազատ եւ արդար մրցակցությանը: Այս մասին ասված է միջազգային դիտորդների տարածած հայտարարությունում:
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար եւ հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորի խոսքով, ընտրությունների ընթացքի վրա ազդել են նաեւ արտահայտվելու ազատության սահմանափակումները, ինչը շարունակում է լրջորեն անհանգստացնել դիտորդներին:
«Ցավոք, ընտրարշավն անցավ անվստահության եւ վախի մթնոլորտում»,- իր հերթին նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Անդրեաս Գրոսը:
Դիտորդները նաեւ ընդգծել են, որ թերությունների ու երկակի իրավիճակների վերացման շուրջ 2011 թվականին տրված նախորդ երաշխավորությունները հաշվի չեն առնվել:
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որոնց արդյունքում հաղթանակ տարավ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը:





























