Հայաստանի ոստիկանությունը տեսագրությունից բացի, ցանկանում է ձայնագրել նաեւ փողոցների ձայնը: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը:
Նրա խոսքով, ծրագրվում է դա անել՝ ոստիկանների պահվածքի եւ քաղաքացիների հետ նրանց շփման վերահսկողությունն ուժեղացնելու համար: Հիմա քննարկվում է այդպիսի տեսախցիկներ գնելու հարցը:
Համբարյանն անդրադարձավ նաեւ տեխզննման գործառույթի հարցին՝ հայտարարելով, որ պետք չէր Ոստիկանությունից վերցնել այդ գործառույթը:
«Հիմա տեխզննման եզրակացություն ստացած մեքենաների շուրջ 80%-ը լիարժեք սարքին չէ: Իսկ դա նշանակում է, որ ճանապարհներին դրանց շահագործումն ինքնին հնարավոր վթար է»,- հավելեց ոստիկանության պաշտոնյան:





























