«Ոտքի՛, Հայաստան» շարժումը կարծում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնները համատեղելով բացարձակ է դարձրել նախագահական իշխանությունը։

Այս առնչությամբ, «Ոտքի Հայաստանի» տարածած հայտարարությունում ասվում է.

«Սերժ Սարգսյանը 2013թ․ ապրիլի 9-ին երդում է տվել՝ «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

Ս.Սարգսյանը խախտել է իր տված խոստումը։ Նա պարտավոր էր դադարեցնել իր անդամությունը ՀՀԿ-ին, երբ 2014թ․ հոկտեմբերին պաշտոնապես տեղեկացվեց, որ իր ղեկավարման ընթացքում Հայաստանում «Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածը, 27.1-րդ հոդվածը, 65-րդ հոդվածը առավելապես կարգախոսային բնույթ են ստացել», իսկ նրա կողմից ՀՀ Նախագահի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնների համատեղումը բացարձակ է դարձնում նախագահական իշխանությունը (տես՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձաժողովի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 2.4.1 ենթակետի 2-րդ, 7-րդ մասեր)։ Սերժ Սարգսյանի հետագա գործողությունները վկայում են, որ նա դիտավորյալ օգտվեց իր բացարձակ նախագահական իշխանությունից, որպեսզի սահմանադրության այդ նորմերը շարունակեն մնալ անկատար՝ մինչեւ իր  պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Ս.թ. հոկտեմբերի 27-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը դիմել է Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանին պահանջով՝

1. ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Ազգային Ժողովում քննարկել Ս.Սարգսյանի պաշտոնանկության հարցը,

2. Հրապարակել 2012-2013թթ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակա քաղաքացիների ցուցակը,

3. Հրապարակել 2012 թվականից ի վեր Կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկություններ: 

Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանը ԶԼՄ-ների միջոցով պատասխանել է, որ պահանջներից վերջին երկուսը ընդհանրապես չեն վերաբերում ԱԺ-ին, իսկ առաջինը՝ անիրատեսական է, քանի որ չի կարելի Ազգային Ժողովից պահանջել նախագահի պաշտոնանկությունը, որովհետեւ ինքը եւ խորհրդարանական մեծամասնությունը բնավ համաձայն չեն պահանջները հիմնավորող փաստերի հետ:

Ազգային ժողովի կողմից Նախագահին պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար պաշտոնանկ անելը ԱԺ-ի պարտականությունն է, այլ ոչ միայն իրավունքը (տես՝ «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» 2010թ․, էջ 665, առաջին պարբերություն)։

Ազգային Ժողովի՝ առանց հիմնավոր պատճառաբանության նախագահի պաշտոնանկության հարցը քննարկելուց հրաժարվելը նշանակում է, որ ԱԺ ղեկավարությունը եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը Ս․Սարգսյանի պաշտոնանկության հարցի լուծումը թողել են ժողովրդի հայեցողությանը։ Մենք գտնում ենք, որ Ս․Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ՝ «Սահմանադրական կարգը տապալելը», 300-րդ՝ «Իշխանությունը յուրացնելը» եւ 223-րդ՝ «Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը» հոդվածներին համապատասխան մեղադրանք ներկայացնելու համար առկա փաստերը բավարար են։