Strategic Forecasting (Stratfor) ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական ընկերությունը կանխատեսումներ է արել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հնարավոր հետեւանքների վերաբերյալ։

Ֆրանսիայի ահաբեկչությունները ցնցող եւ դրա հետ մեկտեղ ոչ այնքան անսպասելի դեպքեր են. Ֆրանսիայի եւ այլ եվրոպական երկրների շատ բնակիչներ մեկնել են Սիրիա՝ ծայրահեղականների շարքերը համալրելու համար, նշում են կենտրոնի վերլուծաբանները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շառլի Էբդոյի» վրա հարձակումը ցույց տվեց, որ Եվրոպայի ներսում ահաբեկչական հարձակումների մշտական վտանգ կա, եւ հիմա կարեւոր է պարզել ահաբեկչությունների ռիսկերը. դրանք «տան ներսից» կազմակերպա՞ծ են, թե՞ հարձակում իրականացնողներն արտասահմանից օգնություն են ստացել։

«Սիրիայից Եվրոպա փախստականների հոսքը մեծացնում է ջիհադիստական խմբավորումների ներկայացուցիչների նեթափանցման վտանգը»,- գրում է Stratfor-ը։ Անկասկած, Փարիզի ահաբեկչությունները նաեւ քաղաքական հետեւանքներ կունենան, նշում են վերլուծաբանները։

5 օր անց Ֆրանսիայի միակ ավիակիրը «Շառլ դե Գոլը» պետք է մեկնել Պարսից ծոց՝ Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, իսկ սեպտեմբերի վերջից այնտեղ ավիահարձակումներ է իրականացնում Ֆրանսիայի մարտական ավիացիան։

«Քաղաքական տեսանկյունից ահաբեկչությունները Ֆրանսիայի ներսում վաղեմի էթնիկ հակասությունների հիշեցումն են»,- նշված է Stratfor-ի հոդվածում։

Վերջին ամիսներին բոլորի ուշադրությունը այդ հարցում հրավիրված էր հարեւան Գերմանիայի վրա։ Փարիզն առանձնապես չէր մասնակցում միգրացիոն ճգնաժամի լուծման գործին, թեպետ Ֆրանսիայի ներկայացուցիչները ներկա էին լինում այդ հարցին նվիրված հանդիպումներին եւ ընդհանուր առմամբ աջակցում էին Գերմանիային՝ փախստականներին ողջ Եվրոպայով բաշխելու հարցում։

Կարելի է ակնկալել, որ Փարիզում տեղի ունեցածը կուժեղացնի նրանց դիրքորոշումը, ովքեր կոչ էին անում դադարեցնել միգրանտների հոսքը եւ փակել  Գերմանիայի, Շվեդիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների մեծ մասի սահմանները։

Հնարավոր է, որ Մարին Լե Պենի եւ նրա ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատի» վարկանիշը բարձրանա, գրում է Stratfor-ը։

Ֆրանսիայի հանրապետականների առաջնորդ, երկրի նախկին նախագահ նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտնի է անվտանգության հարցերում իր կոպիտ դիրքորոշմամբ. Այդ թեմայով նա ելույթ է ունեցել նախորդ շաբաթ, իսկ Փարիզի ահաբեկչություններից հետո հենց նրան կարող են աջակցել ընտրողները։