Այն հայտարարությունները, թե երգահան Ռուբեն Հախվերդյանը թուրքական երաժշտական ընկերությունների հետ ինչ-ինչ պայմանագրեր է կնքել, բացահայտ սուտ են։ Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ երգահանը։
Նրա խոսքով, թեեւ թուրքերն իր երգերի հեղինակային իրավունքները ձեռք բերելու խնդրանքով իրեն դեռեւս չեն դիմել, սակայն եթե նույնիսկ դիմեն, ինքը նրանց չի մերժի։ «Եթե թուրքերը խնդրեն իմ երգերը, ես դա չեմ արգելի։ Ավելի լավ է երգերս առանց աղավաղելու, իմ բառերով թուրքերը երգեն, քան Հայկոն Զանգվի ձորում ամեն օր հնչող թրքաբարո՝ քարվանսարայի երաժշտության օրինակով աղավաղի դրանք։ Եթե իմ երգերը երգում են սերբերեն, չեխերեն եւ ֆրանսերեն, ինչո՞ւ չեն կարող երգել նաեւ թուրքերեն»,- նշեց Հախվերդյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ որեւէ ազգի չի կարելի կուրորեն ատել։ «Մշակութային սահմաներ չկան, եւ ժողովուրդն էլ չպետք է ամբոխ դառնա։ Մշակույթն ավելին է, քան կուլտուրան»,- նկատեց երգահանը՝ չմոռանալով հիշեցնել, որ թուրքերը հայերին ոչնչացրել են նախեւառաջ որպես բարձր մշակույթի կրողների։ «Ինչ էլ, սակայն լինի, մշակութային մասով, մենք արդեն թուրքացել ենք»,- նշեց Հախվերդյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, «Արձագանք» խմբի անդամ Արտավազդ Բայաթյանն էլ հավելեց, որ մեր երաժշտությունն այսօր շաղախված է թուրքական, արաբական ելեւէջներով։ «Ցավն այն է, որ հենց այս երաժշտությունն էլ մեծ պահանջարկ ունի։ Ինչպես ապրում ենք, այդպիսի երաժշտություն էլ լսում ենք»,- նկատեց երգիչը՝ ավելացնելով. «Երաժշտություն կա, լսում եմ, արյունս բողոքում է, մարդ էլ կա այդ երաժշտությունն է արյունը ձգում։ Ուրեմն նրանց մագնիսն աշխատում է թուրքական ձգողությամբ»,- ավարտեց Բայաթյանը։
Նշենք, որ Hurrieyet Daily News թուրքական պարբերականը շաբաթներ առաջ գրել էր, որ թուրքական երաժշտական ընկերությունները հերթ են կանգնել՝ գնելու լեգենդար հայ երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները ներկայացնելու հեղինակային իրավունքները։




























