Հռոմի Ֆրանցիսկոս պապը Աֆրիկա իր այցի ընթացքում ասել է, որ քրիստոնյաներն ու մահմեդականները եղբայրներ եւ քույրեր են:  Այդ մասին եկեղեցու հայրն ասել է Կենտրոնա-աֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Բանգիի մզկիթում մահմեդականներին ուղղված կոչում, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով BBC-ին:

Նշվում է, որ մզկիթ այցելությունը Ֆրանցիսկոս պապի Աֆրիկա այցի ամենաբարդ մասերից մեկն է եղել :

Նա ԿԱՀ-ի զինված խմբավորումներին կոչ է արել ցած դնել զենքը եւ զինվել   «արդարամտությամբ, սիրով, գթասրտությամբ եւ վստահելի զինադադարով»:

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ դեկտեմբերի ընտրությունները երկրի համար  «նոր գլուխ» կբացեն:

Ռազմական գործողությունների հետեւանքով մահմեդականների մեծ մասը հեռացել է հանրապետության մայրաքաղաք Բանգիից, սակայն   15 հազար մարդ դեռ մնում է քաղաքում, շրջապատված քրիստոնյա ոստիկաններով: