Հնդկաստանում մահմեդական հոգեւորականության մոտավորապես 70 հազար ներկայացուցիչներ ստորագրել են «Իսլամական պետության»,«Ալ Կաիդայի», «Թաիլբանի» ու այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ ֆեթվան, գրում է Times of India թերթը:
Հոգեւորականները հայտնել են, որ այս խմբավորումները չեն կարող որեւէ առնչություն ունենալ իսլամի հետ ու սպառնալիք են ներկայացնում ամբողջ մարդկության համար: Ընդ որում Ուրս Աջմեր սուֆիական ամենամյա տոնի ժամանակ, որն անցնում է Հնդկաստանում, եւս 1.5 մլն մահմեդական է իր ստորագրությունը դրել փաստաթղթի տակ, հայտնում է Gazeta-ն:
Այս մասին պարբերականին հայտնել է մուֆթի Մուհամմեդ Սալիմ Նուրին: Նա նաեւ լրատվամիջոցներին կոչ է արել ահաբեկչական խմբավորումներին այլեւս մահմեդական կազմակերպություն չանվանել:
«Ղուրանում գրված է, որ մեկ անմեղ մարդու սպանությունը հավասարազոր է ամբողջ մարդկության սպանությանը»,- հիշեցրել է Հնդկաստանի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Էհսան Խան Ռազան: Նա հավելել է, որ ահաբեկչության դեմ ֆեթվա ստեղծելու որոշումը կայացվել էր փարիզյան ահաբեկչություններից հետո, հայտնում է Gazeta-ն:
Մահմեդական հոգեւորականության ներկայացուցիչները նաեւ հանդես են եկել Սիրիայում ռմբակոծություննեի դեմ, քանի որ օդային հարվածների հետեւանքով անմեղ մարդիկ են զոհվում՝ այդ թվում կանայք ու երեխաներ: Նարնց կարծիքով, արեւմտյան երկրները պետք է համախմբվեն ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, բայց ոչ սովորական մարդկանց կյանքերի գնով:




























