Ամերիկյան իշխանությունները 5 մլն ավտոմեքենա են հետ կանչել՝ կապված Takata ընկերության անվտանգության բարձիկների խնդիրների հետ: Առաջին անգամ այդ խնդիրների պատճառով հետ են կանչվել նաեւ Audi-ի եւ Volkswagen-ի մեքենաները:
Ըստ AFP-ի, պատճառը Հարավային Քարոլինայում գրանցված պատահարն է դարձել, երբ անվտանգության բարձիկի սխալ գործարկման հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում այս բարձիկների անսարքության պատճառով 5 մարդ է զոհվել, եւս մեկ հոգի մահացել է երկրի սահմաններից դուրս:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, վերջին երկու տարիներին Takata-ի անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով ավելի քան 10 ավտոարտադրողներ առնվազն 19 մլն մեքենա են հետ կանչել: Մասնավորապես, անցյալ տարվա հունիսին Toyota Motor Corp.-ը գրեթե 1.37 մլն մեքենա է հետ կանչել:
Ավելի վաղ՝ 2013 թվականին, ճապոնական չորս ավտոկոնցեռններ՝ Toyota-ն, Honda-ն, Mazda-ն եւ Nissan-ը, զանգվածայնորեն հետ էին կանչել իրենց արտադրանքը Takata-ի անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով:




























