eBay-ում աճուրդի է հանվել Land Rover, որը, ինչպես սեփականատերն է հավաստում, այդ ապրանքանիշի թողարկած առաջին դիզելային ավտոմեքենան է: Մեքենան 292 հազար դոլար արժե: Այս մասին գրում է Daily Telegraph-ը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, մեքենայի սեփականատեր Թիմ Հյուզը նշել է, որ ամենագնացը թողարկվել է 1957 թվականի հունվարի 15-ին, Անգլիայի կենտրոնական Սոլիհալի քաղաքի գործարանում:

Աճուրդի հանված մեքենայի վիճակն ամենեւին էլ կատարյալ չէ, սակայն սեփականատերը հավաստում է, որ թափքը «վատ վիճակում չէ», քանի որ այն մշակել է յուղի եւ պարաֆինի հատուկ խառնուրդով:

Փաստաթղթերի համաձայն, մեքենան մինչեւ 1982 թվականը շահագործվել է ֆերմայում, այնուհետեւ անգործության մատնվել: