Կրետեից երկու հազար ֆերմեր ցույցի է դուրս եկել Աթենքում Հունաստանի Գյուղատնտեսական զարգացման նախարարության մոտ, տեղեկացնում է Աթենքի լուրերի գործակալությունը: 

Ֆերմերները երեք շոգենավով վաղ առավոտյան եկել են Պիրեյ նավահանգիստ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ուրբաթ ֆերմերներն ամբողջ Հունաստանից հավաքվել են սոցիալական ապահովության համակարգի բարեփոխման եւ հարկերի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ակցիա անցկացնելու:  Արդեն մի քանի շաբաթ է` հողագործներն ամեն օր տրակտորներով արգելափակում են երկրի ավտոմայրուղիները, մաքսակետերը եւ Հունաստանի սահմանային հսկիչ անցակետերը:   

Ուրբաթ ֆերմերները խոստացել են հարյուրավոր տրակտորներ քշել հունական խորհրդարանի մոտերքում գտնվող կենտրոնական Սինտագմա հրապարակ եւ բողոքի եռօրյա ակցիա կազմակերպել: Սակայն Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Գերովասիլին հայտնել է, որ ճանապարհային երթեւեկության կանոններ կան, որոնք արգելում են ծանր տեխնիկայի մուտքը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ, իսկ ոստիկանությունը խախտումներ թույլ չի տա: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ուրբաթ երեկոյից Աթենքի շուրջը սպայական հսկիչ կետերի երեք օղակ է տեղակայվել:   

Ոստիկանության տվյալների համաձայն, այլ շրջաններից ֆերմերներն առայժմ Աթենքի ճանապարհին են: