Սիրիայում Ռուսաստանի հաջող ռազմական գործողությունները ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշակիցներին սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում Մոսկվայի հետ համագործակցության են մղում, գրում է  The Wall Street Journal-ը:

Պարբերականը ենթադրում է, որ Մերձավոր Արեւելքի երկրների տրամադրություններում նման փոփոխությունները բարդացնում են առանց այն էլ բարդ դիվանագիտական իրավիճակը, չէ՞ որ ԱՄՆ-ի կարեւոր գործընկերներն ուղղակիորեն հակադիր դիրքորոշումներ ունեն: 

Ինչպես հայտնի է, հինգշաբթի` փետրվարի 11-ին համաշխարհային առաջատար տերությունների ներկայացուցիչները Մյունխենում հանդիպել են` քննարկելու Սիրիայում հրադադարի թեման:   Բաշար Ասադի վարչակարգի դեմ առավել ակտիվորեն հանդես եկող պետությունները, հատկապես Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Կատարը սիրիական ընդդիմությանը կոչ էին անում բանակցություններում զիջումների չգնալ եւ շարունակել պայքարը: Սակայն Եգիպտոսը, Հորդանանը եւ ԱՄԷ-ն, ընդհակառակը, Ռուսաստանի հետ համագործակցության  պատրաստակամություն են հայտնել:   

«Ռուսական կողմի հետ մեր զրույցների արդյունքում մենք հասկացանք, որ նրա գլխավոր խնդիրը ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարն է: Մենք աջակցում ենք միջազգային բոլոր ջանքերին, որոնք ուղղված են  ահաբեկչությունը Սիրիայից  արմատախիլ անելուն», — հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին:  

Նրա հետ համամիտ է նաեւ ԱՄԷ-ի թագաժառանգ Աբու-Դաբի Մուհամմեդ ալ-Նահայանը: «Մենք պիտի համակարգված գործենք եւ մի կողմ թողնենք մեր բոլոր տարածաշրջանային տարաձայնությունները», — հայտնել է նա: 

Բացի այդ, Հորդանանը երկրի մայրաքաղաք Ամմանում Սիրիայում Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման հատուկ կենտրոն է սռեղծել: Իսրայելը եւս մշտապես կապ է պահպանում Մոսկվայի հետ: 

Մի շարք փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի գնալով ավելի շատ դաշնակիցներ են անցնում Ռուսաստանի կողմը, որովհետեւ հիասթափված են սիրիական հակամարտության վերաբերյալ Բարաք Օբամայի վարչակազմի դիրքորոշումից, ինչպես նաեւ ձեռք բերված արդյունքներից:  

Նշվում է, որ դեռեւս անցյալ տարի արաբական շատ երկրներ ընդդիմության գրոհներից հետո վստահ էին, որ Բաշար Ասադի դիրքերը խարխլվել են: Սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում սիրիական բանակը ռուսական ավիացիայի օգնությամբ գրոհայիններին քշեց դեպի թուրքական սահման, հայտնում է   Gazeta-ն: