Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից հետեւողականորեն իրականացվող  միգրացիոն քաաքականությունը երկարաժամկետ հեռանկարում  ապագա չունի: Գերմանական մամուլին տված հարցազրույցում այդ առթիվ համոզվածություն է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը: 

«Այդ քաղաքականությունը ժամանակավորապես հիմնավոր էր, բայց երկարաժամկետ հեռանկարում փորձության չդիմացավ», - ասել է վարչապետը    Westdeutsche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում: Վալսն ընդգծել է, որ այժմ արդեն ակնհայտ է, որ Եվրոպան նոր փախստականներ ընդունելու  «սահմանափակ հնարավորություններ» ունի: Բացի այդ, վերջին շաբաթներին մայրցամաքում դիտարկվել են լարվածության օջախներ, որոնք կապված են ներգաղթյալների հոսքի հետ   «ինչպես Գերմանիա, այնպես էլ Եվրոպայի այլ հատվածներ», ասել է նա:   «Դա մեզ ստիպում է անկեղծ խոսել. Եվրոպան չի կարող ընդունել Սիրիայից, Իրաքից կամ Աֆրիկայից բոլոր ներգաղթյալներին: Մեր սահմանների, ներգաղթյալների ընդունման եւ նրանց ապաստանի տրամադրման քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը պիտի խստացվի», - նշել է Վալսը:

Միաժամանակ Ֆրանսիայի վարչապետը կտրականապես մերժել է  «ԵՄ-ի ներսում ավելի շատ պատնեշներ եւ արգելքներ ստեղծելու» առաջարկը: «Դա Շենգենի վերջը կլիներ: Եվ միաժամանակ կխարխլվեր միացյալ Եվրոպայի ամբողջ նախագիծը: Մենք բոլորս, ինչպես եվրոպական ինստիտուտները, այնպես էլ անդամ երկրները, պիտի պատասխանատվություն հանդես բերենք», - նշել է կառավարության ղեկավարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: