Toyota ընկերությունը ներկայացրել է Tacoma – TRD Pro պիկապի նոր մոդիֆիկացիան: Այսպիսով` ընկերության ամենագնացային շարքն ընդլայնվել է` հասնելով երեք մոդելի:  Նախկինում դրա մեջ էին մտնում Tundra-ն եւ  4Runner-ը: Նորույթը ներկայացրել են Չիկագոյի ավտոսալոնում:

Մոդելը կոմպլեկտավորված է 3,5 լիտրանոց բենզինային V6 շարժիչով, որի հզորությունը  281 ձիաուժ է, իսկ պտույտի պահը` 360 Նմ: Շարժիչն աշխատում է կամ վեցաստիճանանի   «մեխանիկայով» կամ էլ ավտոմատ տուփով, որն աստիճանների նույն թիվն ունի, տեղեկացնում է  Motor-ը: 

TRD Pro-ի շարքից «Տակոմայի» էքստերիերի լրամշակումները ներառում են   16 դյույմանոց անվային սկավառակներ   Goodyear Wrangler All-Terrain Kevlar անվադողերով, թափքի դիմային մասի ալյումինային  պաշտպանիչ տարրեր, հակամառախուղային լուսադիոդներ, դիմացի եւ հետեւամասի օպտիկայի սեւ շրջանակներ,    TRD Pro-ի պիտակացուցանակներ:

Toyota Tacoma-ի տեխնիկական լրամշակումները կազմված են   FOX նոր ամորտիզատորներից եւ TRD զսպանակներից:

Ինտերիերում հայտնվել են սեւ կաշվով երեսպատված բազկաթոռներ եւ բազմաֆունկցիոնալ ղեկ, Entune աուդիոհամակարգ, ինչպես նաեւ փոխանցումների տուփի սելեկտոր եւ TRD-ի գորգիկներ:

Մոդելի վաճառքը, որի արտադրությունը կիրականացվի  ԱՄՆ-ում, կսկսվի   2016-ի աշնանը: