Խաղադրույք անելով Ասադի տապալման վրա եւ հուսալով ԱՄՆ-ի կողմից մշտական աջակցության, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաշվի չէր առել, որ իրավիճակը կարող է արմատապես փոխվել եւ իր դեմ շրջվել, նշում է Public Radio International-ը:

Երկար ժամանակ Վաշինգթոնի պլանը  ցանկացած եղանակով` անպայման  Ասադի տապալմանը հասնելն էր, թեկուզ դա լիներ ապստամբներին աջակցելու կամ ՄԱԿ-ի բանակցությունների ընթացքում ճնշման աստիճանական ավելացման միջոցով:  Այնուամենայնիվ, այս պլանն այժմ հարցականի տակ է, հատկապես անցյալ շաբաթ ռուսական ՌՏՈՒ-ի աջակցությամբ կառավարական ուժերի Հալեպում տպավորիչ առաջընթացից հետո, գրում է պարբերականը:   

Էրդողանն ուզում է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի նկատմամբ կոշտ քաղաքականություն որդեգրեն, կանգնեցնեն ռուսական գործողությունը եւ թույլ չտան, որ ապստամբները վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկվեն Հալեպում, կարծում է Օկլահոմայի համալսարանի Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջոշ Լենդիսը:  

«Թուրքիան զգում է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան երես են թեքել իրենից եւ իր անհեռատես մերձավորարեւելյան քաղաքականության հետեւանքով ինքը ձեռնունայն է մնացել»: Վաշինգթոնը, ամենայն հավանականությամբ, Սիրիայում «դուրս է գալիս խաղից», ինչը Ռուսաստանին հնարավորություն կտա հակամարտության մեջ առանցքային դեր խաղալ եւ արդյունքում տարածաշրջանում իր համար ավելի շահավետ իրավիճակ ստեղծել, նշում է Լենդիսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Թուրքիան կատաղել է, որովհետեւ նա հսկայական հույսեր էր կապել սիրիացի ապստամբների հետ: Նա վստահ էր, որ ԱՄՆ-ը, ինչ գնով ուզում է լինի, իրեն կաջակցի Ասադին տապալելու գործում: Բայց այժմ ամեն ինչ հանգում է նրան, որ Սիրիայի նախագահը կկարողանա վերանվաճել երկիրը եւ հաստատել իր իշխանությունը»:

Այդ դեպքում սիրիացի քրդերը, որոնք ամենից ավելի են անհանգստացնում  Էրդողանին, Դամասկոսում հովանավոր կունենան եւ ինքնավարության զգալի աստիճան ձեռք կբերեն, ինչը Թուրքիայի նախագահի վարչակարգը սպառնալիքի տակ կդնի, եզրափակում է վերլուծաբանը: