Ղարաբաղի անկախության առավել ամրապնդումը մեր ազգային պահանջատիրության կարեւոր կողմերից մեկն է: Այս մասին, փետրվարի 13-14-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյակի արժեւորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Նա կոչ է արել չմոռանալ, որ մեր հարեւանները գիշեր ու ցերեկ մտածում են Ղարաբաղը վերագրավելու մասին:
«Չմոռանանք, որ նույնիսկ մեզ բարեկամ նկատվող երկրները, իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով այնքան էլ մեզ համար նպաստավոր մոտեցումներ չունեն Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Հետեւաբար, պետք է արթուն լինել: Ղարաբաղի մեջ մեր ժողովրդի ֆիզիկական ներկայությունը հրամայական է. Ղարաբաղի մեր քաջ բանակի հզորացումը մեր բոլորի առաջնահերթ պարտաւորությունն է։ Ուրիշների ունեցած նյութական կամ ռազմական լայն հնարավորությունների դիմաց, մենք ունենք մեր երիտասարդ զինվորների քաջությունը եւ մեր ազգի ամբողջական զորակցությունը»,-ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:




























