Եվրոպական միությունը հույս ունի, որ 2017-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կընթանան միջազգային ամուր, օրինական հիմքի վրա եւ երկրի հետագա զարգացման մեծ խթան կդառնան: Այդ մասին փետրվարի 15-ին հայտնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի վերաբերյալ իրազեկման նպատակով առաջին գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցին:
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, Եվրամիությունում ձգտում են հավատալ, որ գալիք` 2017-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն լավ Ընտրական օրենսգրքի հիման վրա, որը կարտացոլի ԵԱՀԿ-ի հանձնարարականները: Այն հարցին, թե ինչ կլինի, եթե այդպես չլինի, դիվանագետը պատասխանել է. «Եկեք օգտագործենք «եթե»-ից խուսափելու ցանկացած հնարավորություն: Մենք մեծապես հուսով ենք, որ կխուսափենք «եթե»-ներից, որովհետեւ հարցը Հայաստանի ապագային է վերաբերում»:
Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավարը իշխանություններին կոչ է արել առաջիկա ընտրություններին նայել որպես երկրի քաղաքական, ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման խթանի: «Կարող եմ ասել, որ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ զրույցների ընթացքում շատ շփման կետեր եմ տեսել, շատ ազդանշաններ եմ ստացել այն մասին, որ Ընտրական օրենսգիրքը կհամաձայնեցվի շատ արդարացի, պրոֆեսիոնալ եւ պատասխանատու եղանակով»,-ամփոփել է Պյոտր Սվիտալսկին:




























