Ես աջակցում եմ Հայաստանի նախագահի ցանկացած ելույթում յուրաքանչյուր դրական տարրի եւ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նվիրված է երկրի զարգացմանն ուղղված ցանկացած ջանքի: Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի վերաբերյալ իրազեկման նպատակով առաջին գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցին:
Անդրադառնալով Հայաստանի նախագահի վերջին ելույթին` նա նշել է. «Մենք, որպես ազնիվ դիտորդ, հայտարարությամբ ենք հանդես եկել Եվրամիության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված բոլոր ներկայացուցիչների անունից: Մենք ուղղակի բոլոր շահագրգիռ կողմերի` կառավարության, իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր կուսակցությունների ուշադրությունն ենք հրավիրել ԵԱՀԿ հանձնարարականները հաշվի առնելու եւ դրանք նոր Ընտրական օրենսգրքում ներառելու անհրաժեշտության վրա»:
Ի պատասխան այն հարցին, թե շատերի համոզմամբ դա ավելի շուտ մնացող, քան հեռացող նախագահի ելույթ էր, Սվիտալսկին ընդգծել է. «Ես իմ աջակցությունն եմ հայտնում Հայաստանի նախագահի յուրաքանչյուր ելույթում ցանկացած դրական տարրի եւ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նվիրված է երկրի զարգացմանն ուղղված ցանկացած ջանքի: Մենք կաջակցենք նախագահի, կառավարության, բոլոր շահագրգիռ կողմերի ցանկացած ջանքի: Դա պիտի յուրօրինակ ազգային փոխհամաձայնություն լինի. եկեք հաջորդ ընտրություններն արդար դարձնենք»:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացնելով նոր ղեկավար Գեորգի Կուտոյանին, հայտնել էր, որ մինչեւ 2018 թվականը իշխանության թեւերում լուրջ վերադասավորումներ եւ լիազորությունների վերաբաշխում տեղի կունենա: «Այս անցումնային փուլում ազգային անվտանգության մարմինները պիտի իրենց լիազորությունների շրջանակում ոչ միայն ապահովեն իշխանության սահուն փոխանցումը, այլեւ նպաստեն երկրի ներքին անվտանգությանը, մասնավորապես, մի կողմից պայքարելով կոռուպցիայի երեւույթների դեմ, իսկ մյուսից` կանխելով դրանց ի հայտ գալը», - ընդգծել էր պետության ղեկավարը:




























