ԵՄ-ն ու Հայաստանը պայմանավորվել են չխոսել համապարփակ շրջանակային համաձայնագրի կնքման ժամկետների մասին։ Այս մասին փետրվարի  15-ին՝  ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի վերաբերյալ իրազեկման նպատակով առաջին գիտաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ բանակցությունների ընթացքի մասին NEWS.am-ի թղթակցի հարցին՝ դեսպանը նշել է. «Ես ներկա եմ եղել բանակցությունների առաջին փուլին, այսօր ընթանում է երկրորդ փուլը։ Ես կարող եմ ասել, որ դա լավ սկիզբ է»։ Անդրադառնալով հարցին, թե կարելի է արդյոք մինչեւ 2016թ. ավարտը սպասել համաձայնագրի կնքմանը՝ Սվիտալսկին նշեց. «Երկու կողմերը պայմանավորվել են չխոսել համապարփակ շրջանային համաձայնագրի կնքման ժամկետների մասին։ Հետեւաբար  կոնկրետ ժամկետներում բանակցություններն ավարտելու պարտավորություններ չկան։ Բայց երկու կողմն էլ ասում են՝ եկեք ամեն բան արագ անենք։ Բանակցային փուլի գրաֆիկը համաձայնեցված է մինչեւ տարեվերջ։ Հետեւաբար մինչեւ տարվա վերջ մենք աշխատանքային ծրագիր ունենք»։

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նա,բանդյանը 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տվել էին Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկը։