Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավոր դատախազին եւ վարչապետին կոչ է արել հրաժարական տալ  «իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար», հաղորդել է նախագահի մամուլի քարտուղարը: 

«Այս առավոտ ես հանդիպել եւ հանգամանալի զրույց եմ ունեցել Գլխավոր դատախազի հետ: Ես Վիկտոր Նիկոլաեւիչին առաջարկել եմ հրաժարականի դիմում գրել: Վիկտոր Շոկինը ներդրել է այն բարեփոխումները, որոնց ՈՒԳԴ-ում տասնամյակներով ընդդիմանում էին.  դատախազությանը ընդհանուր վերահսկողությունից զրկում, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի եւ Հետաքննությունների պետական բյուրոյի ստեղծում, եւ այլն: Դա` մի կողմից: Մյուս կողմից` ՈՒԳԴ-ն, դժբախտաբար, չկարողացավ հանրության վստահությանն արժանանալ: Եվ հենց այդ պատճառով օրակարգում է Գլխավոր դատախազի հրաժարականի հարցը», - հայտնել է Պորոշենկոն հայրենակիցներին ուղղված իր դիմումում, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը: