Գերմանական ավտոմեքենաշինական  Volkswagen կոնցեռնի ռուսաստանյան «Ֆոլքսվագեն Գրուպ Ռու» ստորաբաժանումը Ռուսաստանում հետ կկանչի Volkswagen, Skoda եւ Audi ապրանքանիշերի ЕА189 սերիայի դիզելային շարժիչներով 42,940 ավտոմեքենա, որոնք Ռուսաստանում վաճառվել են 2008-ից 2015 թվականների ընթացքում:

Ընկերությունը կթարմացնի շարժիչի կառավարման բլոկի տեղադրված ծրագրային ապահովումը:  «Մինչեւ 2015-ի վերջը Ռուսաստանում վաճառվող ավտոմեքենաների արտանետումների նորմերը համապատասխանում էին  Եվրո-4 ստանդարտին, մինչդեռ Եվրոպայում 2015-ի կեսից բոլոր նոր ավտոմեքենաները պիտի համապատասխանեն   Եվրո-6 բնապահպանական դասին», - նշում է Volkswagen-ը: Բոլոր տեխնիկական միջոցառումները համաձայնեցված են Ռոսստանդարտի հետ, տեղեկացնում է   «Ինտերֆաքսը»:

Volkswagen-ից հիշեցնում են, որ ծրագրային ապահովման ընթացիկ տարբերակն ի վիճակի է ճանաչել, որ մեքենան փորձարարական ստենդում է եւ օպտիմալացնել այդ ընթացքում ազոտի օքսիդի արտանետումները: Փոփոխությունը կվերաբերի  Volkswagen-ի 25,592 մարդատար մեքենայի, 7,012 առեւտրական մեքենայի, Skoda-ի 3,684 մեքենայի եւ Audi-ի 6,652  մեքենայի, որոնք արտադրվել են 2008-ից 2015-ին եւ զինված են    1,6 եւ 2 լիտր ծավալով դիզելային շարժիչներով: Ավտոմեքենաների տերերը իրազեկումներ կստանան եւ կհրավիրվեն պաշտոնական վաճառքի կենտրոններ տեխնիկական միջոցառումների իրականացման համար: 

«Ակցիայի շրջանակում բոլոր աշխատանքներն անվճար կիրականացվեն: Սերվիսային ակցիան կիրականացվի փուլ առ փուլ եւ կտեւի   մինչեւ 2016-ի վերջ», - ասված է Volkswagen-ի հաղորդագրության մեջ:

Այսպես կոչված «դիզելային սկանդալը» Volkswagen-ի շուրջ բռնկվել էր անցյալ տարվա վերջին: Պարզվել էր, որ ավտոկոնցեռնը կեղծել է դիզելային շարժիչներով մեքենաների  վտանգավոր գազերի մթնոլորտ արտանետման թեստերի արդյունքները