Բերնի Սանդերսը, որը լարված պայքարի մեջ է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքի համար, առաջին անգամ է գերազանցել իր մրցակցին համազգային վարկանիշում, այս մասին են վկայում Fox News–ի հարցումը, որը հրապարակվել է հինգշաբթի:

Սանդերսն այս պահին ընտրողների 47 տոկոսի աջակցությունն ունի, Քլինթոնը՝ 44 տոկոս: Գրանցված ընտրողների շրջանում հարցում է արվել փետրվարի 15-17-ը, հայտնում է RG–ն:

Fox News-ի մեկ այլ հարցման տվյալներով, որը հրապարակվել էր հինգշաբթի, Քլինթոնը վստահաբար առաջատար է Հարավային Կարոլինայում: Այնտեղ Քլինթոնի կողմից է ընտրողների 56 տոկոսի համակրանքը, իսկ Սանդերսի կողմից՝ ընդամնեը 28 տոկոսի:

Հարավային Կարոլինայում անցկացված հարցումը բացահայտել է, որ Քլինթոնը գերազանցում է մրցակցին ընտրողների բոլոր ենթախմբերում՝ այդ թվում տղամարդկանց, կանանց, սպիտակների ու սեւերի:

Ինչպես նշում են փորձագետները, հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բերնի Սանդերսը, որին ամերիկյան վերնախավում անվանում են «չափավոր սոցիալիստ» կրճատում է Քլինթոնի հետ ձայների տարբերությունը: Մինչդեռ դեկտեմբերին նախկին առաջին տիկինը միանշանակ առաջատար էր «դեմոկրատական դաշտում»: Սանդերսի այդ հաջողությունը պայմանավորում են նրանով, որ նա վերջին օրերին ուժեղ քարոզչություն է իրականացրել, որը ուղղված էր նախեւառաջ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: