Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz-ն ԱՄՆ-ում մեղադրվում է նրա համար, որ իր մեքենաները գերազանցում են շրջակա միջավայր վնասակար արտանետումների առավելագույն թույլատրելի սահմանը,  տեղեկացնում է  Deutsche Welle-ն: 

Հինգշաբթի ամերիկյան Իլլինոյսի նահանգի դատարան կոլեկտիվ հայց է ներկայացվել   Mercedes-Benz-ի դեմ: Ինչպես նշված է հայցում, դիզելային շարժիչներով մեքենաների   14 մոդելում, որոնք BlueTec տեխնոլոգիան են օգտագործում, ազոտի օքսիդների արտանետումները բազմիցս գերազանցում են պաշտոնական փաստաթղթերում նշված ցուցանիշները: 

Այն պնդումը, թե BlueTec տեխնոլոգիան դիզելային շարժիչների աշխարհում ամենամաքուրն է, «մոլորեցնում է եւ սուտ է», նշված է հայցում:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ում ազոտի օքսիդի արտանետումների թույլատրելի առավելագույն սահմանը գերազանցվել է 19 անգամ: Ավելին, շարժիչի`  ըստ Ցելսիուսի 10 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում աշխատելու դեպքում նորման գերազանցվում է 65 անգամ:

Mercedes-Benz-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնում են, որ հայցի համար ոչ մի հիմք չկա: Ընկերությունում ուսումնասիրում են փաստաթղթերը եւ պատրաստվում են դատարանում պաշտպանել իրենց դիրքորոշումը: Mercedes-Benz-ում պնդում են, որ ընկերությունը չի զբաղվում տվյալների մանիպուլյացիայով, իսկ մեքենաների բոլոր մոդելները համապատասխանում են սահմանված նորմերին: