Bloomberg գործակալությունը կոչ է անում սկսել լուրջ ընդունել էլեկտրամոբիլները, որովհետեւ առաջիկա երկու տարում մեքենաշինության այդ ոլորտը կարող է նավթի գների անկման  «նոր ալիքի» պատճառ դառնալ: Գործակալությունը վկայակոչում է   Tesla եւ Chevrolet ընկերությունների պլանները, որոնք մտադիր են առաջիկա երկու տարվա ընթացքում կտրուկ մեծացնել 200 մղոն պահուստային ընթացքով էլեկտրամոբիլների վաճառքը: Նման մեքենաների միջին գինը կիջեցվի մինչեւ  30 հազար դոլար, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել պոտենցիալ գնորդների բազան, տեղեկացնում է   Gazeta-ն: 

Ավելին, Ford-ը, Volkswagen-ը, Nissan-ը եւ BMW-ն միլիարդավոր դոլարներ են ներդնում էլեկտրամոբիլների սեփական շարքի զարգացման մեջ:  Նրանց միանում են տեխնոլոգիական այնպիսի հսկաներ, ինչպիսիք են   Google-ը եւ Apple-ը, որոնք նաեւ շուկայում ապագա նիշա են փնտրում: 

Գործակալությունը նշում է, որ նավթային ընկերությունները եւ նավթ արտադրող երկրները, մասնավորապես` ՕՊԵԿ-ի անդամները թերագնահատում են էլեկտրամոբիլների պահանջարկի աճի հետ կապված պոտենցիալ վտանգները: Շուկայում նավթի ավելցուկի հետեւանքով նավթի համաշխարհային գների անկումը, ինչպես նշում է գործակալությունը, եւս բավականին անսպասելի էր: Հարցն ընդամենը այն է, թե երբ էլեկտրամոբիլները կկարողանան  նավթի պահանջարկը նվազեցնել գոնե օրական   2 մլն բարելի չափով, ինքն իրեն հարց է տալիս գործակալությունը: 

Bloomberg-ը հիշեցնում է, որ նույնիսկ նավթի գների անկումը չի անդարդարձել էլեկտրակարերի պահանջարկի վրա.   2015-ի արդյունքում էլեկտրամոբիլների պահանջարկն աշխարհում աճել է  60 տոկոսով: Գործակալության գնահատականով, էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկի աճի ընթացիկ դինամիկայի պայմաններում  շուկան նավթի նկատմամբ օրական պահանջարկը կկարողանա   2 մլն բարելով նվազեցնել արդեն 2023 թվականին, ոչ թե 2040-ին, ինչպես դա կանխատեսում են նավթային շատ ընկերություններ եւ երկրներ: