Ֆիլիպիններում երկու ձկնորս հայտնաբերել են կոտրված առագաստով առագաստանավ, իսկ բարձրանալով նավ՝ խցում գտել են մարդկային մումիա, գրում է բրիտանական Independent–ը:

Փաստաթղթերով հաջողվել է պարզել, որ մահացածը 59-ամյա գերմանացի ճանապարհորդ Մանֆրեդ Ֆրից Բայորատն է՝ այդ առագաստանավի սեփականատերը, ով  դրանով ավելի քան կես միլիոն ծովային մղոն էր անցել: Ճանապարհորդի մահվան ժամանակն ու պատճառն առայժմ անհայտ են: Տեղի ոստիկանությունն  արդեն հայտարարել է, որ դիտարկում է քրեական վարկածը, բայց մահվան առավել հավանական պատճառն է համարում սրտի նոպան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կապիտանի դին հայտնաբերվել է ռադիոհեռախոսի կողքին, ասես նա մահվան պահին փորձել է օգնության ազդանշան հաղորդել: Չոր օվկիանոսային քամիները, օդի բարձր ջերմաստիճանը ու աղի օդը դին վեր են ածել մումիայի:

Վերջին անգամ Բայորատը կապ էր հաստատել մեկ տարի առաջ, երբ սոցցանցի միջոցով հաղորդագրություն էր ուղարկել իր ընկերոջը: