Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է, որ երկրի գործող նախագահ Յոախիմ Գաուկը շարունակի պաշտոնավարել 2-րդ անգամ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Sudwest Presse թերթին տված հարցազրույցի ժամանակ։

«Ես ուրախ կլինեի, եթե նախագահը որոշեր երկրորդ նախագահական ժամկետում պաշտոնավարել։ Սակայն այդ որոշումը պետք է կայացնի նա»,- ասել է Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ 76-ամյա Գաուկի լիազորությունների ժամկետը լրանում է 2017թ. գարնանը։ Ավելի վաղ ներկայիս նախագահի թեկնածության օգտին էր արտահայտվել Սոցիալ դեմոկրատական ու «Կանաչների» կուսակցությունների ներկայացուցիչները։

Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը այդ նպատակով նշանակվող հատուկ մարմին է՝ կազմված 1240 պատգամավորներից։ Նրանց կեսը Բունդեսթագի պատգամավորներ են, կեսը՝ դաշնային  հողերի խորհրդարանների ներկայացուցիչներ։