Եվրահանձնաժողովը դեռ չգիտի, թե ինչքան ժամանակ կպահանջվի որպեսզի ինքը գնահատական տա՝ արդյոք Եվրամիության կարգավորումը կարող է լիարժեք տարածվել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ծովային հատվածի վրա: Այս մասին հայտնել է էներգետիկայի ու կլիմայական հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Էներգետիկայի հարցերով Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունը իրավիճակի գնահատման համար ստիպված է եղել իրավաբանների ներգրավել: «Բլումբերգ» գործակալությունը, վկայակոչելով այդ տնօրինության փորձագիտական եզրակացությունը, հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք-2»- ը կարող է խախտել ԵՄ օրենսդրությունը:
«Մենք դեռ չենք ավարտել քննարկումները իրավաբանական ծառայությունների հետ: Մենք Եվրահանձնաժողովի ներսում իրավաբանական ծառայությունների հետ միասին քննարկում ենք, արդյոք մենք կարող ենք Եվրամիության կանոնակարգումը կիրառել նաեւ ծովային հատվածի նկատմամբ: Քննարկումները դեռ ընթացքի մեջ են»,- պատասխանել է Կանյետեն:
Իսկ այն հարցին, թե ինչքան ժամանակ կարող են ձգձգվել այդ քննարկումները՝ Կանյետեն պատասխանել է «Չգիտեմ»:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը նախատեսում է տարեկան 55 մլրդ խորանարդ գազ ընդհանուր հզորությամբ գազամուղի երկու ճյուղերի շինարարություն՝ ՌԴ ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: «Գազպրոմին» է պատկանալու հատուկ այդ նպատակով ստեղծված Nord Stream-2 AG ընկերության 50 տոկոսը, իսկ եվրոպական BASF, E.On, Engie, OMV, Shell ընկերություններին՝ 10- ական տոկոս:




























