Երեւան այցը բավական հագեցած էր: Հանդիպումներ են կայացել Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի, խորհրդարանի քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտարարեց Եվրամիության արտաքին գործերի եւ քաղաքականության անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Ֆեդերիկա Մոգերինին նշեց, որ 2015 թվականը կարեւոր տարի էր երկկողմ հարաբերությունների համար: Այն նշանավորվեց նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար իրավական նոր բազայի ստեղծման շուրջ դեկտեմբերին մեկնարկած բանակցություններով:

Խոսելով շարունակվող համագործակցության մասին՝ Մոգերինին նշեց, որ նույնիսկ դժվարին պահերին ԵՄ-ն Հայաստանի թիվ մեկ ներդրողն ու գործընկերն է եղել:

Զուգահեռաբար զարգացել են հարաբերությունները նաեւ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, կոռուպիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցերում:

Այդ առումով ԵՄ ներկայացուցիչն անդրադարձավ նոր Ընտրական օրենսգրքի կարեւությանը: Ֆեդերիկա Մոգերինին նաեւ նշեց, որ ԵՄ-ն սատարում է անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ հաշվետվությունը:

Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Մոգերինին անդրադարձավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանն ու Սիրիայի փախստականների խնդիրներին: Նա նշեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը՝ հաշվի առնելով, որ երկրում 20 հազար փախստականներ են ապաստանել: