ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը Եվրասիական տնտեսական միությանն առաջարկել է  ներմուծման փոխարինում իրականացնել, գրում է «Վեդոմոստին»:  

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կարգավորող մարմնին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներմուծման փոխարինմամբ զբաղվելու առաջարկ է ներկայացրել:

Պարբերականի տվյալներով, տեսչության նամակում հիշատակված է, որ Ռուսաստանում արդեն գործում են թեթեւ արդյունաբերության արտադրանքի, մեքենաշինության, բժշկական արտադրանքի եւ դեղերի  պետական գնումների սահմանափակումներ:  ԵԱՏՄ այլ երկրներում նման սահմանափակումները կնպաստեն նրանց տնտեսությունների զարգացմանը, հայտնել են նախարարությունից։

Նախարարության ներկայացուցիչը թերթին պարզաբանել է, որ ներկայումս միության այլ երկրներից մատակարարողները Ռուսաստանում պետգնումների դեպքում արտոնություններից են օգտվում, իսկ ռուսական ապրանքներն այդ երկրներում արտոնություններ չունեն: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է նախարարության նամակը, ասել է պետգնումների բաժնի պետ Վլադիմիր Սավչենկոն: Ռուսաստանյան գերատեսչությանն ուղղված նամակում հանձնաժողովը խոստացել է հարցը քննարկել մրցակցության խորհրդակցական կոմիտեի նիստին:   

Բելառուսի Առեւտրի նախարարության պետգնումների վարչության պետ Պավել Ժուկովսկին հաղորդել է, որ ռուսաստանյան գերատեսչության առաջարկը կուսումնասիրվի: Սակայն նա նշել է, որ Բելառուսում արդեն սահմանափակվել են մի քանի ներմուծվող ապրանքների` թեթեւ արդյունաբերության եւ անվադողերի պետգնումները, իսկ մոտ ժամանակներս նախատեսված է ցուցակում ներառել մեքենաշինական եւ սննդի արդյունաբերության արտադրանքը:   

«Վեդոմոստին» հիշեցրել է, որ Ռուսաստանի գնած մեքենաշինական արտադրանքը պիտի արտադրված լինի ԵԱՏՄ երկրների տարածքում: Արգելք է մտցվել նաեւ օտարերկրյա թեթեւ արդյունաբերական արտադրանքի  (տեքստիլ, հագուստի, պլաստամասսայե արտադրանքի) վրա, եթե կան հայրենական նմանակներ, եւ բժշկական արտադրանքի եւ դեղամիջոցների վրա, եթե առնվազն երկու նմանակ ունեն: