Բունդեսթագի պատգամավորները ստիպված են պաշտպան կանգնել ավանդական խոզի նրբերշիկին, որն անհետանում է հանրային սննդի գնալով ավելի մեծ թվով հաստատությունների ճաշացանկից` չվիրավորելու համար մահմեդական այցելուներին, որովհետեւ իսլամական աշխարհում խոզի միսն արգելված է:  Բանվորական եւ դպրոցական ճաշարաններում այդ ուտեստի պահպանման շարժման առաջնագծում հանդես են եկել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի կուսակիցները Շլեզվիգ-Գոլշտեյն դաշնային երկրամասում Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) բաժանմունքից, հաղորդում է    Deutsche Welle մեդիաընկերությունը: 

Նրանք որոշել են եկող շաբաթ խորհրդարանում նախաձեռնել այդ հարցի քննարկումը` նպատակ ունենալով ճաշարանների, սրճարանների եւ խորտկարանների ճաշացանկում ապահովել Գերմանիայում ժողովրդական այդ ուտեստի առկայությունը, որովհետեւ, նրանց խոսքով, նրբերշիկը «գերմանական մշակույթի անբաժան մասն է»:

ՔԴՄ-ի խորհրդարանական խմբակցության առաջնորդ Դանիել Գյունտերը բողոքել է , որ նրբերշիկը ճաշարաններից, խորտկարաններից բացառվում է կրոնական դրդապատճառներով: «Փոքրամասնությունների պաշտպանությունը, ելնելով, մասնավորապես, կրոնական նկատառումներից, չպիտի ենթադրի, թե չմտածված որոշումների պատճառով պիտի սահմանափակվի մեծամասնության ընտրության իրավունքը, - ասել է Գյունտերը: Մեր մշակույթի համար բնորոշ է սննդի մեջ խոզի մսի օգտագործումը»:

Այն մարդիկ, որոնց շրջանում ընդունված չէ խոզի միս ուտել, նրա խոսքով, կարող են չուտել դա:  «Նրանց ոչ ոք չի ստիպում անել դա,-նշել է քաղաքական գործիչը: Բայց մենք նաեւ չենք ուզում, որ մեծամասնությունը հրաժարվի խոզի մսից»:

Խոզի ցեղային տեսակների բուծումը եւ օգտագործումը մեծ նշանակություն ունի Շլեզվիդ-Գոլշտեյնի տնտեսության համար: Տեղի գյուղատնտեսության պալատի տվյալներով, այդ շրջանի բյուջեի եկամտի  17 տոկոսը կապված է գյուղտնտեսության հետ: 

Սոցցանցերում արդեն բուռն բանավեճ է ծավալվել հանրային սննդից նրբերշիկի վերցման առիթով: Նույնիսկ եզրույթ է հայտնվել` «խոզային պարտավորություն»: «Խոզի մսից հետո կարող են առաջարկել ճաշացանկից բացառել սպագետտին եւ բրինձը», - նշել է օգտատերերից մեկը: