Ուրբաթ Դոմինիկանյան հանրապետությունում սպանվել է Ժամանակակից հեղափոխական կուսակցությունից (ԺՀԿ) սենատորի թեկնածու Մաթեո Աքինո Ֆեբրիլյեթը: Այս մասին հայտնում է դոմինիկանյան Listin Diario. թերթի էլեկտրոնային տարբերակը:

Սանտո Դոմինգո Ավտոնոմ համալսարանի նախկին ռեկտորը սպանվել է այն բանից հետո երբ «Էլ Լագո» ռեստորանում փորձել է հանգստացնել քաղաքական բանավեճի մասնակիցներին: Բանավիճողները Բլաս Պերալտան ու Էդվարդ Մոնթասն էին ԺՀԿ-ից:

Ֆեբրիլյեթը Մոնթասի հետ միասին դուրս է եկել ռեստորանից, որ գնա ոստիկանական բաժանմունք՝ հաղորդում տալու: Բայց ճանապարհին երկուսի վրա էլ կրակել են: Ֆեբրիլյեթը մահացել է տեղում, իսկ նրա օգնական Էլաին Մանյանան ու Մոնթասը վիրավորվել են: Ոստիկանության տվյալներով, մի քանի կասկածյալ արդեն ձերբակալվել է:

Երկրի նախագահ Դանիլո Մեդինան ցավակցություն է հայտնել Ֆեբրիլյեթի մահվան կապակցությամբ, ասելով որ նա մեծ ավանդ է ունեցել կրթության ոլորտում: Պետության ղեկավարը ժողովրդին «խաղաղության, կյանքի նկատմամբ հարգանքի» կոչ է արել, հայտնում է ՏԱՍՍ-ը: