Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել է, որ իրեն փոխարինող չի պատրաստում, քանի որ դա հակասում է ժողովրդավարության սկզբունքին, փոխանցում է RIA Novosti-ն:
«Այն երկրներում, որտեղ փոխարինող է նշանակվում, անմիջապես արգելափակվում է դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհը: Ժողովուրդը պետք է ընտրի արժանավորին»,- ասել է Աթամբաեւը՝ նշելով, որ իր խնդիրն է ապահովել ազատ եւ թափանցիկ նախագահական ընտրություններ:
Նա նաեւ չի բացառել, որ իր ստեղծած ուժը՝ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կառաջադրի իր թեկնածուին, սակայն արժանավորին պետք է ընտրի ժողովուրդը:
Միաժամանակ Աթամբաեւը նշել է, որ անհրաժեշտ է համարում մինչեւ նախագահական ընտրությունները սահմանադրական փոփոխություններ անցկացնել երկրում:
Նշենք, որ Ղրղզստանի Սահմանադրությունը 8 անգամ փոփոխության է ենթարկվել: Ներկայումս գործող հիմնական օրենքն ընդունվել է 2010թ., դրա համաձայն՝ երկրում խորհրդարանական համակարգ է գործում:





























