Նիկոսիան չի պատրաստվում հանել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու վետոն այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագիր չի ստորագրվել Կիպրոսի միավորման վերաբերյալ, գրում է  «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Politico թերթին:

Եվրոպական առաջնորդները Անկարայի հետ համաձայնեցրել են այն գործարքը, որի համաձայն, ԵՄ-ը կկրկնապատկի Թուրքիային ֆինանսական օգնության ծավալները  (երեքից վեց մլրդ եվրո) եւ կհանի վիզայի հետ կապված սահմանափակումները միացյալ Եվրոպա մուտք գործող նրա քաղաքացիների համար: Բացի այդ, Անկարան Բրյուսելից պահանջել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ կապված  բանակցային հինգ նոր հոդված բացել եւ արագացնել այդ գործընթացը, եթե Կիպրոսի վերամիավորման համաձայնագիրը կնքվի, նշում է պարբերականը:    

«Մենք չենք հանի  համաձայնագրի այդ կետերի նկատմամբ վետոն», — նշել է Կիպրոսի արտգործնախարար Յոաննիս Կասուլիդիսը  Politico-ին տված հարցազրույցում: Դիվանագետն ընդգծել է, որ իր համար առաջնահերթություն են մնում կղզու հունական եւ թուրքական մասերի միավորման բանակցությունները եւ երբ այդ հարցը լուծվի, Կիպրոսի վետոն կարող է հանվել: 

Նիկոզիան վախենում է այժմ հանել  ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների վրա իր դրած վետոն` վախենալով, թե հույն կիպրացիներն այդ որոշումը չեն հասկանա եւ հանրաքվեին չեն աջակցի Կիպրոսի վերամիավորմանը, եթե Անկարայի եւ Նիկոսիայի միջեւ այնուամենայնիվ համաձայնություն ձեռք բերվի, նշում է պարբերականը: 

«Եթե նախագահը «այո» ասի, առանց բանակցություններում առաջընթացի, մենք կկորցնենք մեր հայրենակիցների աջակցությունը եւ հանրաքվեին վերամիավորման հաջողության շանսերն անհամեմատ ավելի փոքր կլինեն: Ուրեմն ինչո՞ւ նախ թույլ չտանք, որ Կիպրոսի հարցը լուծվի: Իսկ հետո ամեն ինչ իր տեղը կընկնի», — հայտնել է Կասուլիդիսը: 

1974-ից Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, այդ տարածքում է գտնվում ինքնահռչակված  «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Այդ հակամարտությունը սուր խնդիրներ է ստեղծում ինչպես Թուրքիայի եւ Կիպրոսի Հանրապետության, այնպես էլ ԵՄ-ի հետ հարաբերություններում, որի անդամ է Կիպրոսի Հանրապետությունը, եւ ՆԱՏՕ-ի հետ, որին անդամակցում է Թուրքիան: