ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կօգնեն Ճապոնիային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից միջուկային վառելիքը դուրս բերելու համար նոր տեխնոլոգիաներ մշակելու հարցում։ Այդ տեխնոլոգիաներն անհրաժեշտ են «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի ռեակտորներում վթարի հետեւանքները վերացնելու աշխատանքներն ավարտելու համար։ Այս մասին հաղորդում է «Նիկեյ» թերթը։
Նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության եւ Ֆրանսիայի Ազգային հետազոտական գործակալության փոխգործակցությամբ կզբաղվի կազմակերպությունների ու մասնագետների որոնմամբ, որոնք աշխատում են այդ ոլորտում։
Սպասվում է, որ ԱՄՆ-ը կօգնի Ճապոնիային ռադիոակտիվ նյութերի պահպանման սարքավորումներ ու տեխնոլոգիաներ մշակելու հարցում։
Ներկայումս Ճապոնիան օգտագործում է ամերիկյան Kurion եւ ֆրանսիական Areva ընկերությունների տեխնոլոգիաները՝ ռադիոակտիվ ջրերի մաքրման համար։
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանից միջուկային վառելիքի դուրս բերումը դեռ կշարունակվի մի քանի տարի։ Ատոմակայանն ամբողջությամբ կվերացվի 2040 թվականին։
Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը վթարի է ենթարկվել 2011 թվականի մարտի 11-ին՝ ավերիչ երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով։ Ատոմակայանին հարակից տարածքներից տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ։





























