ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարություններն այն մասին, որ հենց Ռուսաստանն է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սրման պատճառը, բացարձակ անազնիվ են: REN TV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անազնվորեն մեզ մեղադրեց այն բանում, որ հենց Ռուսաստանն է Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամի սրման պատճառը»,- ասել է Լավրովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը նշել է, որ պատժամիջոցները փոխարինում են քաղաքականությանն ու դիվանագիտությանը, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից: «Վաշինգտոնում արդեն կոչեր են հնչել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Սիրիայում: Եվ սա այն ընթացքում, երբ մենք ամերիկացիների հետ առաջ ենք ընթանում կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի երկու բանաձեւ ենք ընդունել, Սիրիայի աջակցման միջազգային խումբ ենք ստեղծել՝ Ժնեւում կանոնավորապես հանդիպող երկու խմբերով, որոնք քննարկում են խաղաղության ամրապնդման եւ մարդասիրական օգնության հարցեր: Վաշինգտոնից, իհարկե՝ ոչ անմիջական վարչակազմից, բայց ազդեցիկ քաղաքական գործիչներից պահանջներ են հնչում մեզ նաեւ Սիրիայի համար պատժելու մասին»,- ասել է Լավրովը: