Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները փորձում են մեկ քայլ ընդառաջ գնալ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների նոր երկարաժամկետ ռազմավարության մշակման ճանապարհին, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականը նշում է, որ մարտի 14-ին կկայանա նախարարների հատուկ նիստ, որտեղ քննարկվելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հանդիպումը կլինի արտառոց՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության քննարկումների օրակարգը։ Եթե վերջին երկու տարում եվրոպացի նախարարները որպես կանոն խոսում էին պատժամիջոցների խստացման եւ երկարաձգման կամ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ազդեցության մասին, ապա հիմա խոսքը բացառապես վերաբերում է Բրյուսելի եւ Մոսկվայի հարաբերություններին։

«Վերջին 2 տարվա իրադարձությունների ֆոնին Եվրոպայում եկել են այն եզրակացության, որ ցանկացած դեպքում Ռուսաստանի հետ business as usual ոգով հարաբերություններ վերականգնելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է ԵՄ կառույցներում թերթի աղբյուրը։

Պարբերականի զրուցակիցը նաեւ նշել է, որ ներկայումս Եվրամիությունը ընդհանուր տեսլական չունի այն  կապակցությամբ, թե ինչպիսին են լինելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, կա ընդամենը պատժամիջոցների քաղաքականություն, սակայն այդպես չի կարող հավերժ շարունակվել։

«Մեզ անհրաժեշտ է new normal՝ Մոսկվայի հետ նոր պայմաններում երկարաժամկետ հարաբերությունների ռազմավարություն»,- ընդգծել է նա։

Թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ այսօրվա բանակցությունների արդյունքում որեւէ կոնկրետ որոշում չի սպասվում։