Մարտի 15-ին ու 16-ին Դնեպրոպետրովսկում ու Զապորոժյեում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու ծրագրած ֆորումների անցկացումը հետաձգվում է մեծահարուստ Իգոր Կոլոմոյսկու միջամտության պատճառով: Այս մասին Սահակաշվիլին գրել է իր Facebook-ում:

Նրա խոսքով, Կոլոմոյսկին «անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեզ չհաջողվի հանդիպել այդ քաղաքների քաղաքացիների հետ»: «Մեզ անսպասելիորեն հրաժարվել են վարձակալության տալ մեր կողմից նախապես պատվիրված «Մենորա» դահլիճը Դնեպրոպետրովսկում ( որը կառուցված է Կոլոմոյսկու ֆինանսական աջակցությամբ), իսկ մյուս դահլիճների կառավարիչներն էլ՝ օլիգարխի ճնշումների ներքո պարզապես հրաժարվում են համագործակցել: Դրա համար էլ մենք որոշել ենք հետաձգել այդ հանդիպումները մինչեւ մարտի 20-ը եւ 21-ը »,- գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Նա հավելել է, որ Օդեսայում ուժեղանում է Յացենյուկի ու նրա թիմի բազմակողմանի դիմակայությունը:

«Իսկ հիմա այդ դիմակայությանը ակտիվ միացել է նաեւ իշխանությունը: Գալիք շաբաթ ես ստիպված եմ լինելու մնալ Օդեսայում, որպեսզի պաշտպանեմ այնպիսի մաքսատուն ստեղծելու հնարավորությունը, որտեղ կբացառվի կոռուպցիայի ցանկացած հնարավորություն»,- հավելել է Սահակաշվիլին: