Ղազախստանում Սեմեում «ՍեմԱզ» ավտոհավաքման գործարանի հոսքագծից հանվել է ղազախական առաջին «Գազել Next»-ը, տեղեկացնում է 24.kz-ը:
Մինչեւ տարեվերջ ձեռնարկությունում նախատեսում են 300 նման միկրոավտոբուս հավաքել: Այս մոդելը մեծ պահանջարկ ունի ղազախական շուկայում: Հենց «Գազելն» է երկրի շատ շրջաններում հիմնական հասարակական փոխադրամիջոցը: Այդ միկրոավտոբուսների համեմատությամբ այս մոդելը հարմարավետ է նրանով, որ մարդը կարող է ամբողջ հասակով կանգնել դրանում: Մեքենայի բարձրությունը 2,7 մ է, երկարությունը` 6 մ, 120 ձիաուժ հզորություն ունի: Ուղեւորների համար տեղերն էլ այստեղ անհամեմատ ավելի շատ են, քան սովորական միկրոավտոբուսում:
Այժմ «ՍեմԱզ» գործարանում մտածում են, թե ինչպես բարելավեն նոր «Գազելը»: Մասնագետները ցանկանում են այն երկդռնանի դարձնել: Այդպես ուղեւորների համար ավելի հարմարավետ կլինի երթուղային բարձրանալն ու իջնելը: Այդ պատճառով որոշվել է. արդիականացված միկրոավտոբուսի հիմնակմախքը կպատրաստեն Ղազախստանում: Միաժամանակ ձեռնարկությունն իր արտադրանքի որակի համար յոթ տարվա երաշխիք է տալիս:
Մինչեւ տարեվերջ ձեռնարկությունում նախատեսել են 200 ավտոբուս եւ 300 «Գազել» հավաքել:





























