Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու թիմը մտադիր է քաղաքական կուսակցություն ստեղծել եւ մասնակցել Գերագույն Ռադայի ընտրություններին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլիի տեղակալ Սաշա Բորովիկը:
«Շուտով մենք քաղաքական ծրագիր կունենանք, ըստ էության` նախընտրական: Դա կենտրոնաաջակողմյան, ֆիսկալ-պահպանողական եւ սոցիալ-ազատական ծրագիր կլինի: Մենք ուզում ենք ժողովրդավարական, եվրոպական կուսակցական կազմակերպություն ստեղծել, որում առաջնորդները կընտրվեն ժողովրդավարական եղանակով», – հայտնել է նա, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Միաժամանակ Բորովիկը խստորեն քննադատել է Ուկրաինայի ներկայիս քաղաքական ընտրախավին` հիշեցնելով, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն Շրջանների կուսակցության հիմնադիր հայրերից մեկն է եղել, աշխատել է ԱԳՆ-ում եւ Էկոնոմիկայի նախարարությունում, իսկ Յացենյուկը` «հետխորհրդային քաղաքական գործիչ է եւ բյուրոկրատ, որը եղել է եւ ՈՒԱԺ-ում, եւ խորհրդարանում»:
Բորովիկը նաեւ կարծում է, որ «Պորոշենկոն տանել չի կարողանում Յացենյուկին»: «Միաժամանակ այլընտրանք չի կարողանում գտնել: Ես արդեն կասեի, որ քաղաքական ընտրախավը սնանկացել է: Դա տրամաբանորեն տանում է դեպի նոր ընտրություններ», – վստահ է նա:
Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին Սաակաշվիլին ակտիվորեն գովազդում է իր «Շարժում հանուն մաքրման»-ը, մասնավորապես` Ուկրաինայի տարբեր քաղաքներում հակակոռուպցիոն ֆորումներ կազմակերպելու միջոցով:
2015-ի դեկտեմբերին նա պնդում էր, թե մտադիր չէ «Շարժում հանուն մաքրմանը» վերածել քաղաքական կուսակցության:





























