Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկացուցիչները մարտի 10-ին այցելել են Ադրբեջանի երկու բանտարկված քաղաքացիներ Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին։
«Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ադրբեջանցի 2 բանտարկյալներին եւ հնարավորություն են տվել նրանց ընտանեկան բնույթի նորություններ փոխանակել հարազատների հետ»,- »,- NEWS.am-ին ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
Առաքելության ներկայացուցիչը նշել է, որ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, պարբերաբար կայցելի այդ բանտարկյալներին, որպեսզի հետեւի նրանց կալանքի պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին եւ որպեսզի հնարավորություն տա կապ պահպանել հարազատների հետ
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման:





























